Հայաստանը 2022-ի իրադարձություններից հետո կանգնեց ռազմական և քաղաքական լրջագույն սպառնալիքների առաջ։ Ադրբեջանի և Ռուսաստանի գործողությունները ցույց տվեցին, որ նրանք չեն հարգում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ուղեկցվեց Ռուսաստանի դավաճանական անգործությամբ, ինչը հանգեցրեց 2023-ի սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններին, երբ Արցախը վերջնականապես հայաթափվեց։ Այս իրադարձությունները ապացուցեցին, որ Հայաստանը չի կարող ապավինել ավանդական անվտանգային գործընկերներին, և միակ իրատեսական ելքը բազմավեկտոր քաղաքականությունն է՝ ուղղված դեպի Արևմուտք։
ԵՄ առաքելության ներկայությունը սահմանին փաստացի ստեղծում է անվտանգության բարձիկ, որը Ադրբեջանը չի կարող անտեսել։ Այն ապահովում է միջազգային վերահսկողություն և մոնիթորինգ, ինչը զգալիորեն բարդացնում է նոր ռազմական սադրանքների կազմակերպումը։ Եթե 2022-ին ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշ երկրները չհասկանային խնդրի լրջությունը, այս առաքելությունը չէր ձևավորվի։ ԱՄՆ նախորդ վարչակազմի վճռական գործողությունները, մասնավորապես 2022-ի իրադարձություններից հետո ձեռնարկված դիվանագիտական ճնշումը, կարևորագույն դեր խաղացին, որպեսզի Հայաստանը ստանա ԵՄ դիտորդների աջակցությունը։
Այս առաքելության երկարաձգումը նաև խորապես խորհրդանշական է։ ԵՄ դիտորդները վերահսկում են ոչ թե պարզապես Հայաստանի սահմանը, այլև եվրոպական անվտանգային տարածքը։ Հայաստանի սահմանը այլևս դիտարկվում է ոչ միայն որպես ազգային, այլև որպես եվրոպական սահման, ինչը մեծացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը և ամրապնդում նրա դերը Արևմուտքի անվտանգության համակարգում։ ԵՄ-ն այս որոշմամբ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը դիտարկվում է որպես եվրոպական անվտանգության մաս, և նրա դեմ ցանկացած ագրեսիա չի դիտարկվելու որպես տեղական կոնֆլիկտ, այլ որպես տարածաշրջանային կայունության դեմ ուղղված սպառնալիք։
Չնայած Հունգարիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի շարունակական ճնշումներին և հակընդդեմ քայլերին՝ այս որոշումը կայացվեց, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի նկատմամբ արևմտյան քաղաքականությունն ունի ռազմավարական խորություն և երկարաժամկետ բնույթ։ Հայաստանը պետք է օգտագործի այս հնարավորությունը՝ խորացնելով կապերը Եվրոպական միության, ԱՄՆ-ի և արևմտյան դաշնակիցների հետ, քանի որ այս առաքելության շարունակությունը ոչ միայն ապահովում է սահմանների պաշտպանվածությունը, այլև Հայաստանի հետագա ինտեգրումը արևմտյան աշխարհաքաղաքական համակարգի մեջ։
Արման Բաբաջանյան