Ի՞նչ է իրականում նշանակում Web3
Web3_ ը ներկայացնում է ինտերնետի հաջորդ սերունդը, որի նպատակն ամբողջ տեղեկատվական հզորությունը հսկայական տեխնոլոգիական ընկերություններից առանձին օգտատերերին հանձնելն է:
Web3-ը, որը նաև հայտնի է որպես «Web 3.0», վերաբերում է ինտերնետի հաջորդ կյանքի փուլին, որը խթանում է ապակենտրոնացված պրոտոկոլները և նպատակ ունի նվազեցնել կախվածությունը խոշոր տեխնոլոգիական ընկերություններից, ինչպիսիք են Youtube-ը, Netflix-ը և Amazon-ը:
Web3-ը հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչ ունենք իրենից առաջ: Ինտերնետի առաջին տարբերակը, որը հայտնի է որպես Web1, եկավ 1990-ականների վերջին և բաղկացած էր հղումների և գլխավոր էջերի ամբողջությունից: Կայքերն առանձնապես ինտերակտիվ չէին: Դուք չէիք կարող շատ բան անել, բացի բովանդակություն կարդալուց և հրապարակելուց, որպեսզի ուրիշները կարդան:
Bitfury-ի գործադիր տնօրեն Բրայան Բրուքսը 2021թ․ դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ նշել է. «Եթե մարդիկ հիշում են իրենց AOL հաշիվը, ապաայն հնարավորություն էր տալիս դիտել կոնտենտ, որը ինտերակտիվ չէր, բայց ներկայացված էր ձեզ AOL-ում, ինչպես որ Time Magazine-ը օգտագործում էր ամսագիրը ձեզ իր հոդվածները ցույց տալու համար: Լրիվ նույնն է, պարզապես դուք կարող էիք դա տեսնել էկրանին»:
Ապա եկավ Web 2-ը: Որոշ մարդիկ դա անվանում են ինտերնետի «կարդալ/գրել» տարբերակը՝ նկատի ունենալով համակարգչային ծածկագիրը, որը թույլ է տալիս բացել և խմբագրել ֆայլերը, այլ ոչ թե պարզապես դիտել դրանք: Ինտերնետի այս տարբերակը թույլ էր տալիս մարդկանց ոչ միայն սպառել բովանդակություն, այլև ստեղծել սեփականը և հրապարակել այն բլոգներում, ինչպիսիք են Tumblr-ը, ինտերնետային ֆորումները և Craigslist-ի նման շուկաները: Ավելի ուշ սոցիալական մեդիա հարթակների ի հայտ գալը, ներառյալ Facebook-ը, Twitter-ը և Instagram-ը, բովանդակության փոխանակումը նոր մակարդակի հասցրեց:
Որոշ ժամանակ անց հասարակությունը հասկացավ, թե ինչպես են իրենց անձնական տվյալները հավաքվում տեխնոլոգիական հսկաների կողմից և օգտագործվում հարմարեցված գովազդներ և մարքեթինգային արշավներ ստեղծելու համար: Facebook-ը, մասնավորապես, անթիվ անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել տվյալների գաղտնիության մասին օրենքները խախտելու համար և 2019թ. ենթարկվել է 5 մlրդ դոլար տուգանքի՝ Դաշնային Առևտրի հանձնաժողովի (FTC) երբևէ կիրառված ամենամեծ պատիժը:
Թեև Web 2-ն աշխարհին բերել է զարմանալի անվճար ծառայություններ, շատ մարդիկ հոգնել են «պարսպապատ այգիներից», որոնք ստեղծել են այս հսկայական տեխնոլոգիական ընկերությունները և ցանկանում են ավելի շատ վերահսկողություն ունենալ իրենց տվյալների և բովանդակության վրա: Այստեղ խաղի մեջ է մտնում Web3-ը:
Web3-ը կարելի է հասկանալ որպես ինտերնետի «կարդալ/գրել/տնօրինել» մակարդակ: Մեր տվյալների դիմաց պարզապես անվճար տեխնոլոգիական հարթակներ օգտագործելու փոխարեն, օգտատերերը կարող են իրենք մասնակցել պրոտոկոլների կառավարմանը և շահագործմանը: Սա նշանակում է, որ մարդիկ կարող են դառնալ մասնակիցներ և բաժնետերեր, ոչ միայն հաճախորդներ կամ ապրանքներ:
Web3-ում այս բաժնետոմսերը կոչվում են թոքեններ կամ կրիպտոարժույթներ, և դրանք ներկայացնում են ապակենտրոնացված ցանցերի սեփականությունը, որոնք հայտնի են որպես բլոկչեյններ: Եթե դուք բավարար չափով տնօրինում եք այս թոքեններից, դուք ցանցում ձեր ձայնն եք ձեռք բերում: Կառավարման թոքենների սեփականատերերը կարող են ծախսել իրենց ակտիվները՝ քվեարկելու համար, ասենք, ապակենտրոնացված վարկավորման պրոտոկոլի ապագայի վերաբերյալ:
Բրուքսը կրկին կիսվել է իր մտքերով. «Այստեղ իրական հաղորդագրությունն այն է, որ այն, ինչ տեղի է ունենում ապակենտրոնացված ինտերնետում, որոշում են ներդրողները(օգտատերերը), մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում հիմնական ինտերնետում, որոշում են Twitter-ը, Facebook-ը, Google-ը և մի փոքր այլ ընկերություններ»: