Եթե քո բախտը բերի, դու մի ամբողջ գիշեր կմնաս արթուն: Կմնաս արթուն ու կհասցնես հիշել բոլոր նրանց, ովքեր թանկ էին մի ժամանակ, կհիշես նաև նրանց, ում համար դու էիր թանկ ու հետո եղել է անխուսափելին՝ արժեզրկվել եք մեկդ մյուսի համար: Ու երկար գիշերվանից հետո քո հոգնած գլուխը կմտնի վերջապես, որ անկախ ամենից,մարդը մենակ է ու եթե բախտդ բերի,դա կլինի ժամանակին:
Եթե բախտդ բերի ու կյանքումդ հայտնվի հարուստ բառապաշարով մեկը, որ ականջներդ լցնի ճոխ-ճոխ բառերով ու դու խլանաս աշխարհի հանդեպ ու մեկ էլ լռի, դու կհասկանաս, որ ականջները պետք են միայն աչքերից հետո:
Եթե քո բախտը բերի ու քեզ մենակ թողնեն կես ճանապարհին, չմոռանաս շնորհակալություն հայտնել քեզ մենակ թողնողին, որովհետև նա դա արել է ամենաճիշտ պահին. դե հա՝ կցավեն ոսկորներդ, կթվա ողերդ անջատվում են իրարից, կպաղի արյունդ, բայց հավատա, որ ճամփի կեսին մենակ մնալը այն հրաշալին էր, ինչը կարող էր լինել. ճանապարհի վերջում մենակ մնալն ավելի ցավոտ է:
Եթե բախտդ բերի ու դու ճիշտ ժամանակին դադարես սպասել, որովհետև միշտ կամ ժամանակից շուտ են հանձնվում կամ ժամանակից ուշ. դա ճակատագրի հեգնանքն է.իսկ եթե դու դա կարողանաս անել ճիշտ ժամանակին,քմծիծաղ տուր ու անցիր. հաղթել ես:
Եթե քո բախտը բերի ու պարտվես(դե գոնե մի անգամ),դու այդ պարտությամբ ձեռք կբերես հաղթելու իրավունք: Միայն թե այդ պարտությունը լինի ժամանակին: